Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց նրա տատը՝ Զոյա Մարգարյանը:

«Ծանր վիճակում դեռ պառկած է: Գիտակցության դեռեւս չի եկել: Ծնողներն ամեն օր, օրը երկու անգամ գնում են հոսպիտալ, մտնում են մոտը: Բժիշկներն այսօր նորից համակարգչային տոմոգրաֆիա (КТ) են կատարել, ուղեղի վրա այտուց կա, դեռ չգիտենք, ասում են՝ պետք է սպասենք (հուզվում է)»,- ասաց Զոյա Մարգարյանը՝ նշելով, որ դրական տեղաշարժն այն է, որ վիճակը կայուն է, արյան ճնշումը նորմայի մեջ է, սրտի աշխատանքը՝ նույնպես: «Արհեստական շնչառության ապարատն այսօր հանել են, ոնց որ սկսել է ինքնուրույն շնչել, բժշկական տերմիններից այդքան էլ գաղափար չունեմ, չգիտեմ ինչ ասեմ»,- նշեց զինծառայողի տատը:

Վերջինս պատմեց նաեւ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Նրա խոսքով՝ մարտական հերթապահություն իրականացնելիս Գարիկը եղել է դիտակետում եւ կատարել է մարտական առաջադրանքը, երբ հակառակորդի դիպուկահարի գնդակը խոցել է նրա դեմքը: Նշենք, որ Գարիկ Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում